diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Անվճար աշխատանքներ Ռեֆերատ Հիշողություն

Հիշողությունը կենտրոնական նյարդային համակարգի գործառույթներից է, երբ արտաքին աշխարհից ու ներքին միջավայրից ընկալված երևույթները, տպավորությունները պահպանվում են նյարդային բջիջների կառուցվածքներում և անհրաժեշտության դեպքում վերարտադրվում են ու կիրառվում: Հիշողությունը հատուկ է մարդուն և զարգացած նյարդային համակարգ ունեցող որոշ կենդանիների:
Հիշողության ուսումնասիրությամբ զբաղվել են շատ վաղուց, երբ մարդը սկսել է կռահել, որ ընդունակ է հիշելու և պահպանելու տեղեկույթը: Հիշողությունը միշտ կապվել է ուսուցման (տեղեկույթի կուտակման) գործընթացի հետ, իսկ հիշողությունը բացատրելու փորձերը համընկնում են պատմական յուրաքանչյուր ժամանակահատվածում տեղեկույթի պահպանման հայտնի եղանակների հետ:
Տարբերում են հիշողության 4 տեսակ. շարժողական, որը կապված է շարժումների մտապահման և վերարտադրման հետ, պատկերավոր, որի ոլորտն առարկաների, երևույթների և դրանց հատկությունների զգայական պատկերների մտապահումն է (տեղեկույթն ընկալող վերլուծիչի տեսակից կախված՝ պատկերավոր հիշողությունը լինում է տեսողական, լսողական, շոշափական և այլն), խոսքատրամաբանական, որը բնորոշ է միայն մարդուն և կապված է մտքերի, հասկացությունների, հետևությունների մտապահման, ճանաչման ու վերարտադրման հետ (հիշողության այս տեսակի համար կարևոր է ուսուցումը), հուզական, որը զգայական ընկալումների և դրանք առաջացնող օբյեկտների մտապահումն է ու վերարտադրումը:
Հիշողության հիմնական գործառույթը մտապահումն է, որն ապահովում է հետագա վերարտադրման ամբողջությունն ու ճշգրտությունը, ինչպես նաև տեղեկույթի պահպանման տևականությունն ու ամրությունը: Դա կարող է ունենալ կամային և ոչ կամային բնույթ: Կամային մտապահումը կապված է նախապես նպատակաուղղված որոշակի դեպք, երևույթ հիշելու հետ, և, որպես կանոն, կիրառվում են դա հեշտացնող հատուկ եղանակներ: Մտապահման այս ձևն ավելի արդյունավետ է, քան ոչ կամայինը, բայց պահանջում է ավելի բարենպաստ պայմաններ (առավելագույն ուշադրություն ու կենտրոնացում, լռություն և այլն)՝ հիշվելիք նյութը հասկանալու և ըմբռնելու համար: Ոչ կամային մտապահման դեպքում գործողություններն ուղղված չեն բուն մտապահմանը (օրինակ` գիրքը կարդալիս չենք ձգտում հատուկ հիշել որևէ բառ կամ դրվագ, բայց և այնպես կարող ենք վերարտադրել որոշ նախադասություններ, նույնիսկ ամբողջական նկարագրություններ և այլն): Մարդու հիշողությամբ կուտակված տեղեկությունները, գիտելիքները և փորձը իրականացվում են վերարտադրման միջոցով. դա առարկաների և դրանց հետ կապված երևույթների ու իրադարձությունների ճանաչումն է կրկնակի ընկալման դեպքում, անցյալի փորձի կամային վերարտադրումը՝ կամային վերհիշումը (օրինակ՝ բանաստեղծություն արտասանելը, խնդիր լուծելիս քիմիական կամ մաթեմատիկական բանաձևեր հիշելը և այլն):
Անհատական հիշողության մեջ առանձնացնում են կարճատև (կամ օպերատիվ) և երկարատև հիշողությունները: Այդպիսի տարբերակման անհրաժեշտությունն զգացվում է հիշողության խանգարումներով, օրինակ՝ անհիշությամբ (ամնեզիա), հիվանդների վրա կատարած դիտարկումների ժամանակ: Օրինակ՝ գլխուղեղի ցնցման դեպքում հիշողությունից երբեմն անհետանում են վնասվածքին անմիջապես նախորդած իրադարձությունները՝ հետընթաց (ռետրոգրադ) անհիշություն, իսկ ծերունական անհիշության դեպքում շատ լավ հիշում են վաղ մանկության տարիներին տեղի ունեցած դեպքերը, բայց չեն հիշում 10 րոպե առաջ կատարվածները: Կարճատև հիշողության դեպքում տեղեկությունները մտապահվում են մոտ 30 րոպե, որից հետո դրանք վերածվում են երկարատև հիշողության կամ մոռացվում են: Երկարատև հիշողությունը պահպանվում է կենդանի էակի ողջ կյանքի ընթացքում:
Ապացուցված է, որ հիշողության նշված ձևը կապված է գլխուղեղի հատուկ գոյացության՝ ջրաձիու գալարի (հիպոկամպ) գործունեության հետ: Պայմանական ռեֆլեքսների մոդելի վրա պարզվել է, որ մտապահման ընթացքում փոխվում են դրդումը նեյրոնից նեյրոն հաղորդող սինապսների արտաքին տեսքն ու գործառույթները: Խիստ փոխվում է նաև նյարդային բջիջների քիմիական կազմը: Բացահայտվել է, որ մտապահման շարժընթացում կարևոր նշանակություն ունի ռիբոնուկլեինաթթուն (ՌՆԹ): Հայտնի է, որ ՌՆԹ-ն ժառանգական գենետիկական տեղեկույթը տեղափոխում է բջջի կորիզից դեպի բջջապլազմա, որտեղ տեղի է ունենում մտապահումն իրականացնող սպիտակուցի սինթեզը:
Անհատական հիշողության վրա ազդում են բազմաթիվ գործոններ, իսկ մտապահման (նաև մոռացության) ունակությունը պայմանավորված է ժառանգականությամբ, մտավոր մարզվածության աստիճանով, հուզական ոլորտի վիճակով, սննդի, աշխատանքի և հանգստի ռեժիմներով:
Տարբերում են նաև տեսակային կամ գենետիկական հիշողությունը, որը պայմանավորում է ժառանգվող հատկանիշների փոխանցումը սերնդից սերունդ:

Էջ - Գին - Պատվիրել