diplom.am

077 42 73 23 email` info@diplom.am

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Անվճար աշխատանքներ Ռեֆերատ Ազատագրական պայքարը Արցախում: Եսայի Հասան – Ջալալյան

Բովանդակություն
Ներածություն
1. Ազատագրական պայքարի վերելքը XVIII դարում
2. Ազատագրական պայքարը Արցախում (1722-1730թթ.)
3. Եսայի Հասան-Ջալալյանի քաղաքական գործունեությունն ու պատմագրական ժառանգությունը
Եզրակացություն
Օգտագործված գրականության ցանկ


Ներածություն

Հայաստանը մշտապես գտնվել է օտարների ուշադրության կենտրոնում, դարձել է կռվախնձոր, իսկ հայ ժողովուրդը ստիպված է եղել պայքար մղել նրանց դեմ: Օտար լծին անհարմարվողականության դրսևորման կարևոր է ձևն է եղել ազատագրական պայքարի մղումը: Հայոց պատմության մեջ 18-րդ դարի երկրորդ կեսը նշանավորվեց ազգային ազատագրական պայքարով։ Հայոց ազատագրական պայքարի ծավալումն ուներ իր ներքին և արտաքին նախադրյալները։ Ներքին նախադրյալների մեջ էականը հայոց ինքնագիտակցության մեջ դարեր առաջ կորցրած պետականության վերականգնման զգացումն էր։
Հայ իրականության մեջ գնալով առավել անտանելի էր դառնում օտարների ծանր լուծը։ Ներքին նախադրյալների թվում կարևոր էր այն, որ Հայաստանում դեռևս պահպանվել էին հայկական մի շարք իշխանություններ։ Ազատագրական պայքարի նախադրյալների մեջ էական էր դավանանքի ու ազգային մշակույթի խաղացած դերը։ Օտար տիրապետության պայմաններում հայ ժողովուրդը մերժում էր օտարի հավատը՝ հաճախ գերադասելով մահը դավանափոխությունից։ Արտաքին գործոններից էր Օսմանյան կայսրության համեմատական թուլացումը, որը ազատագրական պայքարի հաջողության հույսեր էր ներշնչում։ Եվրոպական մի շարք երկրներ, որոնց ևս սպառնում էր Օսմանյան պետությունը, պայքար էին սկսել Օսմանյան կայսրության դեմ։ Այդ երկրները դիտվում էին Հայաստանի ազատագրության համար հնարավոր դաշնակիցներ։
Նման իրավիճակում, իհարկե, չէին կարող հանգիստ մնալ և գործողություններ չիրականացնել հայ ազատագրական շարժման ակնառու ներկայացուցիչները, որոնցից մեր աշխատության մեջ մենք առավել մանրամասն կանդրադառնանք Եսայի Հասան-Ջալալյանի ներդրմանը:
Աշխատանքը բաղկացած է ներածությունից, երեք գլուխներից, եզրակացությունից և գրականության ցանկից: Աշխատանքում նախ և առաջ ներկայացվել է XVIII դարում ազատագրական պայքարի նախադրյալները և վերելքը, այնուհետև անցում է կատարվել բուն թեմային՝ Արցախի ազատագրական պայքարին և հայկական անկախ իշխանության ստեղծմանը: Աշխատանքում առանձնակի ուշադրություն է դարձվել Եսայի Հասան-Ջալալյանի քաղաքական գործունեության ուսումնասիրությանը, ով իր ակտիվ մասնակցությունն է ունեցել ծավալվող գործողություններին, իր գործունեությունը սկսել է դեռևս Իսրայել Օրու ժամանակներից և չի դադարել օժանդակել հայապահպանության գործընթացին մինչև իր կյանքի վերջին օրերը:

1. Ազատագրական պայքարի վերելքը XVIII դարում

Պարսկաստանի մեջ առաջացած քաղաքական խառնաշփոթություններից օգտվելով՝ լեռնային լեզգիները ասպատակել էին Շիվանի և Արցախի բնակավայրերը: Այդ հարձակումներին դիմագրավելու նպատակով Արցախի մելիքները իրենց զինված ուժերով միավորվել էին:
Ոգևորված ռուսական վերահաս արշավանքի լուրերով՝ Արցախի հայ բնակչությունը տրամադրված էր, զինական օգնություն ստանալու դեպքում, լիովին թոթափել օտարի լուծը: Ազատագրական պայքարին օժանդակելու համար Շիրվանի հայկական բնակավայրերից Արցախ տեղափոխվեցին ռազմական գործի հմուտ կազմակերպիչներ՝ Ավան և Թարխան հարյուրապետները:
Արցախահայության պայքարի ոգեշնչողն ու մելիքությունները իրար հետ միավորողը Գանձասարի հայոց Կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանն էր: Արցախի մեջ կազմակերպվեցին պաշտպանական ամրոցներ՝ սղնախներ, որոնցից առավել հայտնի էին Շոշի (Շուշի), ավետարանոցի, ջրաբերդի և քառագլխի սղնախները: Հայկական այդ ուժերը կարող էին վարել ոչ միայն պաշտպանական, այլև հարձակողական մարտեր: Դա կարևոր հանգամանք էր համարվում հայկական պետականության կորուստի երկար ժամանակաշրջանի համար:
Դեռևս Հյուսիսային պատերազմի ժամանակահատվածում Պետրոս I-ը ուշադիր հետևում էր Պարսկաստանի և Թուրքիայի մեջ տեղի ունեցող իրադարձություններին: 1715 թ. –ին նրա կողմից նոր դեսպանություն ուղարկվեց Պարսկաստան՝ Վոլինսկիի գլխավորությամբ: Նրան հանձնարարված էր հանգամանորեն ուսումնասիրել երկրի մեջ տիրող դրությունը և տեղեկություններ հավաքել Պարսկաստանի տիրապետության տակ գտնվող ժողովուրդի մասին:
Հայ ժողովուրդի մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար Հայաստան ուղարկվեց Ռուսիոյ մեջ Իսրայել Օրիի գործը շարունակող Մինաս վարդապետ Տիգրանյանը:
17-րդ դարի առաջին երկու տասնամյակներում Պարսկաստանի մեջ դրությունը շարունակում էր վատթարանալ: Պարսկական լծի տակ գտնվող ժողովուրդները, այդ թվում նաև հայերը, սպասում էին հարմար առիթի պարսից տիրապետությունը թոթափելու համար: Զենքի ուժով նրանց պահելու փորձերը այլևս հաջողություն չէին ունենում: Պասկական տիրապետության դեմ առավել եռանդուն գործում էին ա‎ֆղանները, ովքեր 1722 թ.-ին հաջողությամբ պաշարեցին և գրավեցին երկրի մայրաքաղաք Սպահանը:
Հյուսիսային պատերազմի ավարտից անմիջապես հետո Պետրոս I-ը ձեռնամուխ եղավ Կասպից ծովի արևմտյան երկրամասերի գրավմանը։ Պարսից շահին ապստամբներից պաշտպանելու պատրվակով Պետրոս I-ը 1722թ. արշավանք է կազմակերպում դեպի Անդրկովկաս։ Դերբենտը գրավելուց հետո Պետրոս I-ը, սակայն, անակնկալ վերադառնում է Աստրախան՝ զորքերի առաջխաղացումը դեպի Կասպից ծովի հարավային ափերը հետաձգելով հաջորդ տարվան։
Պարսկաստանում սկսված խառնակությունների ժամանակ Վրաստանի ազատագրման նպատակով ապստամբության նախապատրաստություններ էր տեսնում վրաց թագավոր Վախթանգ 6-րդը։ Նա բանակցություններ էր վարում Պետրոս I-ի հետ՝ Ռուսաստանից օժանդակություն ստանալու համար։ Պետրոս I-ը նրան տեղեկացրել էր ռուսական զորքերի` Անդրկովկաս արշավելու մասին և խոստացել օգնել Վրաստանին։ Վախթանգ 6-րդը, իր հերթին, այդ ամենի մասին հայտնել էր Արցախի հայ ազատագրական ուժերին և առաջարկել համատեղ հանդես գալ պարսից լծի դեմ։
Հայ ազատագրական պայքարի առաջնորդները ստեղծված պայմաններում չէին կարող անտարբեր մնալ։ Ազատագրական պայքարը կազմակերպելու համար Վրաստանից հայ կամավորների ջոկատով Սյունիք մեկնեց Դավիթ Բեկը։ Արցախում մելիքների կողմից հավաքվել էր ավելի քան տասներկուհազարանոց զորք։ Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի կոչով մոտ 10 հազար միացյալ զորաբանակով մելիքներն ու զորահրամանատարները գնացին Գանձակի մոտ գտնվող Չոլակ վայրը։ Նրանք Վախթանգ 6-րդի բանակի հետ սպասելու էին Պետրոս I-ի զորքերի ժամանելուն։ Մոտ երկու ամիս սպասելուց հետո` 1722թ. աշնանը, լուր ստացվեց Պետրոս I-ի Դերբենտից վերադառնալու և արշավանքը հետաձգելու մասին։ Վրացական բանակը վերադարձավ Թիֆլիս։ Հայկական ուժերը, տուն դառնալով, ձեռնամուխ եղան Արցախի ինքնապաշտպանության կազմակերպմանը։
Պարսկական պետության թուլացումը, ռուսների Անդրկովկաս արշավելը և աֆղանների կողմից Սպահանի գրավումը հարմար առիթ էին Պարսկաստանի վաղեմի թշնամի Թուրքիայի համար։ Նա անմիջապես ձեռնամուխ եղավ նվաճելու Պարսկաստանի արևմտյան նահանգներն ու Անդրկովկասը։ Թուրքիան անհանգստացած էր նաև ազատագրական պայքարի ծավալմամբ և նպատակ ուներ ճնշելու հայ և վրաց ժողովուրդների ազատագրական շարժումները։ Միաժամանակ նա ձգտում էր խոչընդոտել Անդրկովկասում Ռուսաստանի ազդեցության ուժեղացմանը և այդ տարածքները նրա տիրապետության տակ անցնելուն։ 1723թ. հունիսին թուրքական բանակը ներխուժում է Թիֆլիս, գրավում քաղաքը և շարժվում դեպի Գանձակ։ Վախթանգ 6-րդը հեռանում է Թիֆլիսից և այնուհետև մեծ շքախմբով Վրաստանից անցնում է Ռուսաստան։
Հաջորդ տարի Էրզրումում (Կարինում) կազմավորվում է թուրքական նոր բանակ՝ Արևելյան Հայաստանի և Ատրպատականի վրա արշավելու համար։ Այսրկովկասի ու Պարսկաստանի համար պայքարի ելած Ռուսաստանի ու Թուրքիայի միջև մրցակցությունը կարող էր վերաճել ռուս-թուրքական նոր պատերազմի։
Դրանից երկուստեք փորձում են խուսափել։ Երկար բանակցություններից հետո նրանք ի վերջո` 1724թ. հունիսի 12-ին, Կ.Պոլսում կնքում են պայմանագիր, որը պետք է կարգավորեր նրանց հարաբերությունները։ Այդ պայմանագրի համաձայն` Թուրքիան ճանաչել էր մերձկասպյան շրջանների միացումը Ռուսաստանին, իսկ ռուսական կողմը Թուրքիայի տնօրինությանն էր թողել Շամախիից արևմուտք ընկած երկրամասերը։ Ռուսական հրամանատարությունը այդ պայմանագրից հետո այլևս չէր կարող օգնության գալ հայ ազատագրական ուժերին։

2. Ազատագրական պայքարը Արցախում (1722-1730թթ.)

Սյունիքն ու Արցախը հազիվ էին թոթափել պարսկական լուծը, երբ ստիպված եղան մարտնչել մի նոր, ավելի հզոր ու վտանգավոր թշնամու՝ օսմանյան նվաճողների դեմ։ 1723 թ . թուրքական զորքերը մտան Անդրկովկաս և գրավեցին Վրաստանը։ Թուրքական զորքերը Իբրահիմ փաշայի հրամանատարությամբ նույն թվականի աշնանը շարունակեցին իրենց արշավանքը դեպի Գանձակ։
Գանձակի ադրբեջանցիները և Արցախի հայերը թշնամու դեմ միացյալ ճակատ կազմեցին։ Նրանք պարտության մատնեցին թուրքական բանակին և ստիպեցին նրան ետ նահանջել դեպի Վրաստան։ Սակայն 1724 թ. վերջերին թուրքերին հաջողվեց գրավել Գանձակը և մոտենալ Արցախի հայկական իշխանության սահմաններին։ Բայց հայկական զորքերը պատնեշի նման կանգնեցին նրանց առաջ։ Թուրքերին չհաջողվեց ոտք դնել Արցախի հողի վրա։
Սակայն նրանց հաջողվեց մեկ այլ բան:Օսմանյան զորքերը ներխուժում են Արարատյան դաշտ 1724թ. գարնանը։ Այստեղ նրանց 40 օր դիմադրություն են ցույց տալիս Կարբի գյուղի բնակիչները։ Նրանք համաձայնում են զենքը ցած դնել միայն այն պայմանով, որ թշնամու բանակը չմտնի Կարբի։ Հունիսին պաշարվում է Երևան քաղաքը։ Երևանի պաշտպանության համար ոտքի է կանգնում ինչպես քաղաքի, այնպես էլ շրջակա հայկական գյուղերի բնակչությունը։ Երևանը վերածվում է ռազմական ճամբարի։ Քաղաքը պաշտպանող հայկական ուժերը բաժանված էին ջոկատների։ Յուրաքանչյուր ջոկատ ուներ իր տեղամասն ու հրամանատարը։
Բազմահազարանոց բանակի գրոհներն ավարտվում էին անհաջողությամբ։ Սուլթանի հրամանով Երևան է բերվում նաև Գանձակի ուղղությամբ արշավող թուրքական բանակը։ Թշնամու ուժերը կրկնապատկվում են։ Հայերը հերոսաբար դիմադրում էին հակառակորդի հարձակումներին՝ նրան մեծ կորուստներ պատճառելով։ Երևանի հերոսական պաշտպանությունը տևեց մոտ երեք ամիս։ Քաղաքն այլևս չէր կարող դիմանալ պաշարմանը, որովհետև սպառվում էին պարենը և զինամթերքը։ Երևանի վերջին կուսակալը համաձայնում է բանակցություններ վարել թուրքերի հետ։ 1724թ. սեպտեմբերի 26-ին պաշարված քաղաքն անձնատուր եղավ։ Թուրքերը հաշվեհարդար տեսան հայ բնակչության հետ. բանն այն է, որ միայն մեծ զոհերի գնով կարողացան գրավել Երևանը՝ կորցնելով ավելի քան 20 հազար զինվոր, երբ քաղաքի ամբողջ բնակչությունը հազիվ անցնում էր 10 հազարը։
Երևանի պաշտպանությունը կասեցրեց թուրքերի սրընթաց առաջխաղացումը դեպի Սյունիք և Արցախ։
Անդրկովկաս և Արևելյան Հայաստան կատարված օսմանյան արշավանքները շատ ծանր կացության մեջ դրեցին Արցախում հաստատված հայկական իշխանություններին։ Հայերը զրկվեցին իրենց հուսալի դաշնակիցներից մեկի՝ վրացիների օգնությունից և բոլոր կողմերից շրջապատվեցին թշնամական ուժերով։ Հյուսիսից և հյուսիս-արևելքից սպառնում էին կովկասյան լեռնաբնակ ցեղերը: Արևմուտքից և Հարավ-արևմուտքից առաջ Էին շարժվում թուրքերը, իսկ հարավից անընդհատ Հարձակումներ էին գործում երկրից դուրս վռնդված խաներն ու բեկերը։ Հայերի միակ հույսը ռուսական բանակի առաջխաղացումն էր դեպի Հայաստան, այն էլ չէր իրականանում։
Պարսկաստանում առաջացած գահակալական կռիվները և աֆղանների կողմից մայրաքաղաք Սպահանի գրավումը խառնաշփոթ էին առաջացրել ողջ երկրում։ Դրանից օգտվելով՝ լեռնային լեզգիներն ասպատակում էին Շիրվանի և Արցախի բնակավայրերը։ Կովկասյան ցեղերի հարձակումներին դիմագրավելու համար Արցախի մելիքների զինված ջոկատները միավորվում էին։
Պաշտպանական ամրոցների՝ սղնախների կազմակերպումը մեծապես նպաստեց թուրքական արշավանքի դեմ պայքարելուն։ Արցախը թուրքերին այնտեղ առավել համառ և կազմակերպված դիմադրության ցույց տվեց։ 1724թ. Արցախի ազատագրական ուժերը թուրքական բանակների դեմ համատեղ պայքարի մասին պայմանագիր կնքեցին Գանձակի մուսուլմանների հետ։ Արցախի զորահրամանատարները օսմանյան բանակների դեմ պայքարում համագործակցության առաջարկներ արեցին նաև պարսկական իշխանություններին։ Արցախի մելիքությունները միասնական վճռականությամբ պատրաստ էին դիմագրավել օտար հարձակումներին և ավերումներից պաշտպանել սեփական երկիրն ու ժողովրդին։
Ռուսական оգնությունը արագացնելու նպատակով սղնախների ղեկավարները 1723 թ. նոյեմբերին, թուրքական հարձակումը ետ մղելուց հետո, մի նոր խնդրագիր են դրում Պետրոս I-ին և հաղորդում թուրքական բանակի հարձակումների հետևանքով հայերի համար ստեղծված ծանր դրության մասին, խնդրում են, որ նա կատարի իր խոստումը։
Հայոց պայքարին օժանդակելու խոստումներով Ռուսաստանից Արցախ ժամանեց նաև հայազգի Իվան Կարապետը։ Այդ ավելի էր հուսադրում հայկական իշխանություններին։ Իվան Կարապետը իր հետ բերեց Պետրոս I-ի հուշագիրը ի պատասխան հայերի նախորդ դիմումների:
Պետրոս I-ը իր հուշագրում նորից խոստանում էր օգնել հայերին, նրանց խրախուսում էր չընկճվել և քաջաբար դիմադրել թշնամուն մինչև ռուսական զորքերը օգնության հասնեն: Ժողովրդի և զորքի ոգևորությունը կրկին բարձրացավ, պառակտման վախը վերացավ՝ տեղը զիջելով վճռականությանը և միասնությանը:
Սղնախների ղեկավարներն իրենց պատասխան նամակում հավաստում են ցարին, որ կդիմադրեն թշնամուն, միայն թե նա շտապեցնի ռուսական զորքերի մուտքը Արցախ։ Նամակը Մոսկվա տանելու համար առանձնացվեց պատվիրակություն ՝ հանձինս Անտոն քահանա Առաքելյանի և Չալաբի Քյոխվայի, որոնց ճանապարհին միացավ նաև շամախեցի Պետրոս քահանան։
Այդպիսի դրություն էր տիրում Արցախում, երբ օսմանցիները, Երևանը գրավելուց հետո, նախապատրաստվում էին արշավել Արցախի վրա: Նրանք, նախքան իրենց զորքերի առաջխաղացումը, փորձում էին հայերին համոզել, որ նրանք զենքը վայր դնեն, անձնատուր լինեն և ճանապարհ տան իրենց։ Այդ նպատակին հասնելու համար թուրք փաշաները 1724 թ. էջմիածնի կաթողիկոս Աստվածատուր Համադանցուն դրդում են նամակ դրել Արցախի հայերին, հատկապես Եսայի Հասան- Ջալալյանին, որ նրանք զենքը վայր դնեն և ընդունեն թուրքական հպատակություն։
Բայց Եսայի Հասան- Ջալալյանն ու նրա զինակիցները անհետևանք թողեցին Աստվածատուր Համադանցու նամակը և պատրաստվեցին մարտնչել թուրքական զավթիչների դեմ։
1725թ. մարտին թուրքական երեք զորամաս ներխուժեց Արցախի Վարանդա գավառ։ Շուրջ 6000 թուրք զինվորների թույլ տալով տեղավորվել Արցախի հայկական գյուղերում՝ հայ ինքնապաշտպանական ուժերը գիշերային հանկարծակի գրոհով ոչնչացրին նրանց։ Թուրքական երկու փաշաներն սպանվեցին, իսկ երրորդը գերի վերցվեց։ Թուրքական բանակի ոչնչացումը և հայկական ուժերի այդ կարևոր հաղթանակը մեծ արձագանք ունեցավ, բարձրացավ հայոց ինքնավստահությունը և մարտունակությունը։
1725 թվականին սղնախներ վերադարձան Անտոն քահանան և Չալաբի Քյոխվան: Նրանք իրենց հետ բերել էին Պետրոս I –ի նոր ուղերձը, որը միայն հուսախաբության առաջ կանգնեցրեց հայերին: Անտոն քահանան և Չալարի Քյոխվան ռուսական կառավարությանը հայտարարել էին, որ եթե հնարավոր չէ զորք ուղարկել Արցախ, ապա հայերին թույլատրվի գաղթել և բնակություն հաստատել ռուսական զորքի կողմից արդեն իսկ գրավված վայրերում: Պետրոս I-ը այդ հայտարարության և Անտոն քահանայի կողմից գրված դիմումի հիման վրա իր նոր նամակում առաջարկում էր հայերին՝ թողնել իրենց հայրենիքը և գաղթել Գիլան ու Կասփից ծովի առափնյա մյուս շրջանները:
Հայերը նորից ծանր վիճակի մեջ ընկան։ Ռուսաստանից օգնություն ստանալու հույսը չիրականացավ։ Այժմ նրանք կանգնած էին, մի կողմից, օսմանյան վտանգի և, մյուս կողմից, Պետրոս I-ի Գիլան գաղթելու առաջարկի առջև։ 1725 թվականի հուլիսին սղնախների ղեկավարները նորից խորհրդակցություն արեցին, հանգամանորեն կշռադատեցին ստեղծված վիճակը և որոշեցին նորից դիմում գրել Պետրոս I -ին, չիմանալով, որ նա արդեն մահացել է:
Այդ նամակում Եսայի Հասան-Ջալալյանը, մելիքներն ու յուզզբաշիները բացարձակապես չէին մերժում Գիլան և այլ շրջաններ գաղթելու առաջարկը։ Նրանք առաջ էին քաշում մի շարք պայմաններ, որոնց իրագործումը շատ դժվարությունների հետ էր կապված: Հայերը խնդրում էին, որ ռուսական զորքերը առաջ շարժվեն մինչև Շամախի և ճանապարհ բացեն ժողովրդի Համար։ Այդպիսի բան ռուսական բանակը չէր կարող անել, որովհետև կխախտեր 1724 թ. Թուրքիայի հետ կնքված պայմանագիրը, որով արգելվում էր ռուսական զորքի մուտքը Շամախի։
Բացի դրանից, հայերը հասկացրին Իվան Կարապետին, որ իր կողմից նամակ գրի, ռուսական պետությանը զեկուցի գաղթեցման հետ կապված դժվարությունների մասին և զգալ տա հայերի անհամաձայնությունն իրենց հայրենիքից գաղթելու առաջարկի հետ։ Այդ նամակները Ռուսաստան տանելու համար նորից ուղարկեցին Չալաբի Քյոխվային, բայց նրան զգուշացրին, որ բանավոր որևէ ա ռաջարկություն անելու կամ տեղեկություն տալու իրավունք չունի։
Չալաբի Քյոխվան այս անգամ հանձնարարությունը կատարեց բարեխղճորեն և Արցախ վերադարձավ 1726 թ-ին իր հետ բերելով Եկատերինա I-ի նամակը, որի մեջ նորից խոստում էր տրվում օգնության մասին: Չալաբի Քյոխվային միաժամանակ հանձնարարված էր բանավոր կերպով հայտնելու, որ ռուսական զորքեր կուղարկվեն վրաց Վախթանգ թագավորի կամ մի ուրիշի գլխավորությամբ։
1726 թ.-ին оսմանյան 40 Հազարանոց բանակը սկսեց իր հարձակումը Մեծ սղնախի վրա։ Օսմանյան զորքերի հետ էին նաև լեզգիները։ Սղնախի ղեկավարները համալրեցին իրենց ջոկատները, զինեցին բոլոր նրանց ովքեր ունեին զենք կրելու կարողություն, և կազմպատրաստ մարտի ելան։ Ճակատամարտը տևեց ութ օր: Հայերը կատարյալ հաղթանակ տարան։ Թշնամին ռազմի դաշտում թողեց հազարավոր սպանվածներ և նահանջեց դեպի Գանձակ:
Հայերը թեև փառավոր հաղթանակ տարան և խափանեցին թուրքերի նոր հարձակումները, բայց զգում էին, որ միայն իրենց ուժով չէին կարող մինչև վերջ դիմանալ: Այդ պատճառով սղնախների ղեկավարները 1727 թ. սկզբին, 26 հոգուց կազմված մի պատվիրակություն ուղարկեցին Սալյան ռուսական զորքերի հրամանատար գեներալ Դոլգորուկովի մոտ։ Պատվիրակությունը իր հետ տանում էր Եկատերինա կայսրուհու նամակը, որտեղ ասված էր, թե գեներալ Դոլգորուկովն իր զորքերից օգնական ուժ կուղարկի հայերին։ Ցարական գեներալը հայերին պատասխանեց, որ ինքը կայսրուհուց հրաման չունի Արցախ զորք ուղարկելու մասին և խորհուրդ տվեց նորից պատվիրակություն ուղարկել Ռուսաստան։ Չալաբի Քյոխվան երրորդ անգամ ուղևորվեց ռուսական մայրաքաղաք։ Բայց ապարդյուն, օգնություն չստացավ և հայկական զորքը դարձյալ մեն-մենակ կանգնեց Արցախի լեռներում:
1728 թ.-ից սկսած Արցախի հայկական իշխանությունների դրությունը շարունակում էր մնալ և ավելի սպառնալից դառնալ: Պարսիկների հետ համագործակցելու հայերի բոլոր ջանքերը, որ սկզբնական շրջանում որոշ արդյունք տվեց, այժմ արդեն անհաջողության էին մատնվում:
Այդպիսի աննպաստ պայմաններում Արցախի ազատագրական պայքարը նոր ծանր հարված ստացավ։ 1728 թ-ին մահացան Եսայի Հասան-Ջալալյանը և Ղավիթ Բեկը՝ ապստամբության ոգեշնչողներն ու ղեկավարները։ Սպառվում էին հայկական զորքի ուժերն ու ռազմամթերքը, թուլանում էին նրանց եռանդն ու կորովը։ Այդպիսի պայմաններում անհրաժեշտ եղավ նորից դիմել ռուսական պետությանը և оգնություն խնդրել նրանից։
Մինչև 1728 թ-ը ռուսական պետության հետ հայերի ունեցած նամակագրությունը վարում էր Եսայի Հասան-Ջալալյանը: Նրա մահից հետո ինչպես բանակցություններ վարելու գործը, այնպես էլ սղնախների զորքերի ղեկավարումը ամբողջությամբ անցան Ավան Յուզբաշուն։ Սակայն այս անգամ ևս հայերին հուսախաբություն էր սպասում:
Ցարական կառավարությունն ի վիճակի չեղավ ռազմական օգնություն ցույց տալ հայերին։ Նրան խանգարում էին մի շարք հանգամանքներ. նախ, երկար Ժամանակ նա պատերազմի մեջ էր եղել շվեդների հետ և անմիջապես չէր կարող ընդհարվել դեռևս բավականին լուրջ ուժ ներկայացնող թուրքական բանակի հետ, երկրորդ, նրան սպառնում էին եվրոպական պետությունն՝ Անգլիան ու Ֆրանսիան, որոնց ձեռնտու չէր ռուսական ազդեցության տարածումը Պարսկաստանի և Անդրկովկասի վրա։
Արցախի հայերը մի քանի տարի շարունակ, առանց դրսից օգնություն ստանալու, անհավասա ր պայքար էին մղում օսմանյան զավթիչների դեմ։ Այդ օրհասական պատերազմում նրանք հույս ունեին, որ ռուսական պետությունից կամ պարսիկներից օգնություն կստանան և թուրքերին դուրս կքշեն երկրից։
Սակայն այդպես չեղավ, իսկ թուրքական սպառնալիքն աավելի ու ավելի էր սաստկանում։ Հենց այդ էլ հայկական զորքի մեջ առաջ բերեց հուսախաբություն, տատանումներ ու երկպառակություն։ 1729-1731 թթ. թուրքական նվաճման դեմ պայքարը շարունակում էր Գյուլիստանի սղնախը, որի հրամանատարն էր Աբրահամ սպարապետը։ Թեև 1730-ական թթ. թուրքական նվաճողների դեմ պայքարի կազմակերպման համար Արցախում այլևս չկար միասնական հրամանատարություն, սակայն հայ ժողովուրդը ցած չդրեց զենքը և շարունակեց ազատագրական պայքարը։
Սակայն, հայկական զորքը կազմալուծում ապրեց նաև Արցախում։ Այստեղի հայկական զորքերը մինչև 1729 թ. հերոսաբար դիմադրում էին օսմանյան բանակին և պաշտպանում հայերի ձեռք բերած ազատությունը։ Ավան - Յուզբաշին, որ անձամբ գնացել էր Ռումինիայից օգնություն խնդրելու, այլևս չվերադարձավ Արցախ։ Սղնախների հայկական զինվորությունը նույնպես կազմալուծվեց և զորքը ցրվեց: Օսմանյան բանակն օգտագործեց հայկական զորքի կազմալուծումը և զավթեց Արցախը։
1722-1730թթ. ազգային-ազատագրական պայքարը մեր պատմության փառավոր էջերից է: Այն ցույց տվեց, որ հայերը կարող են առանց արտաքին օգնության երկարատև դիմադրություն ցույց տալ այնպիսի հզոր պետությունների, ինչպիսիք էին Իրանն ու Թուրքիան: Սակայն այս շրջանում բացահայտվեցին նաև որոշ բացասական երևույթներ. չկարողացան պայքարի միասնական կենտրոն ստեղծել, բոլոր ուժերով համագործակցել և համընդհանուր ապստամբության միջոցով վերջնականապես ազատվել օտարների լծից:

3. Եսայի Հասան-Ջալալյանի քաղաքական գործունեությունն ու պատմագրական ժառանգությունը

Ինչպես տեսնում ենք վերոշարադրյալ ուսումնասիրությունից, XVIII դարում հասունացել էր հայոց ազատագրության խնդիրը: Այլևս անհնար էր ազգային գոյությունը պահպանել օտարների տիրապետության տակ:
Ուշ միջնադարյան Հայաստանում, երբ հանուր հայությունը պետք է ամենավճռական պայքարի ելներ իր ազգային ինքնության պահպանման և միասնական պետականության վերստեղծման համար, էական դերակատարություն ունեցավ Արցախ աշխարհը: Եվ դա պատահական չէր: Արցախում դեռևս պահպանվել էին հայ մելիքությունները` իրենց տեղական ինքնավարությամբ և զինված ուժերով:
Հայ ականավոր պատմաբան, արձակագիր, հրապարակախոս Լեոն գրում է. «...Ղարաբաղի լեռնաստանում էր, որ ծնվեց և գլուխ բարձրացրեց հայրենիքի ազատագրության գործը, այս բնական էր, նա չէր կարող ոչ ծնվել, ոչ էլ սնվել այնպիսի մի տեղ, ուր չկար հայ ազնվականություն, իբրև իշխանության կազմակերպված ուժ և իբրև ռազմիկ տարրերի առաջնորդ: Ղարաբաղն էր, որ ուներ այդ բոլորը: Ղարաբաղն էլ կարող էր դառնալ հայոց ազատագրության պատմության օրորոց»:
Արցախի մելիքությունները չափազանց կարևոր տեղ էին գրավում Անդրկովկասի` դեռևս ֆեոդալական հասարակարգում գտնվող ժողովուրդների ռազմաքաղաքական և սոցիալ-տնտեսական կյանքում: Նրանց հետ հաշվի էին նստում ոչ միայն ներքին, այլև արտաքին ուժերը: Արցախը` Գանձասարի հոգևոր կենտրոնով, արդեն մեծ փորձ ուներ Հայաստանի արտաքին կապերի ձևավորման գործում` սկսած Արցախի իշխանաց իշխան Հասան-Ջալալ-Դոլայի (1214-1261 թթ.) ժամանակներից:
XVII դ. վերջում քաղաքական ասպարեզ է իջնում ժամանակի հայ հասարակական-քաղաքական մտքի և ազատագրական պայքարի ամենակարկառուն դեմքը` Առանշահիկների թագավորական տոհմի ժառանգ, Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը (1701-1728):
Եսայի Հասան-Ջալալյանը եղել է 17-18-րդ դարի հայ նշանավոր հոգևորական, մատենագիր, հայ ազատագրական շարժման խոշոր երախտավոր։ 1702-1728 թթ. եղել է Գանձասարի կաթողիկոս։ Կաթողիկոսանալուն պես Եսայի Հասան-Ջալայանը Գանձասարը դարձնում է քաղաքական մի կենտրոն և Արցախի լեռնային իշխողների խորհրդարան, որտեղ մշակվում էին դիվանագիտական հարաբերություններ և քննվում ռազմական ծրագրեր։ Որպես Արցախի մելիքների ապստամբության (1700-1728) պարագլուխներից մեկը, գրել է իր ժամանակի անցքերի մանրամասն պատմությունը, որի համառոտ տարբերակը 1839-ին լույս է տեսել Շուշիում։
Եսայի Հասան-Ջալալյանին են ենթարկվել Արցախը, Բարդան (Պարտավը), Շամախին, իսկ 1720-ից, Ամենայն հայոց կաթողիկոս Աստվածատուր Ա Համադանցու կոնդակով` նաև Գանձակը, Շաքին, Ղաբալան (Կապաղակը) ևն: Միաժամանակ, կաթողիկոսի հատուկ կոնդակով նա իրավունք է ստացել հանգանակություն կատարել Գողթնի, Թիֆլիսի, Կապանի և Նախիջևանի թեմերից: Ստորագրել է «Գանձասարայ, Ղարապաղի և Շիրուանայ կաթողիկոս», «Պատրիարք Աղուանից, որ է Ալանաց, Շիրուանայ և Գանջայու, և մասին Հայոց»:
1710–11-ին հայ ազատագրական շարժման գործիչ Իսրայել Օրու` պարսկական դեսպանագնացության ժամանակ Եսայի Հասան-Ջալալյանը հանդիպել է նրան և Պետրոս I-ից օգնություն խնդրելու նպատակով Իսրայել Օրու հետ մեկնել Մոսկվա: Աստրախանում Իսրայել Օրու հանկարծամահ լինելուց (1711) հետո Եսայի Հասան-Ջալալյանը չի շարունակել ճանապարհը, վերադարձել է Գանձասար` կազմակերպելու «անհավատների լծի տակ հեծող» իր քրիստոնյա ժողովրդի ազատագրական պայքարը: Այցելել է Պարսկաստան (Ղում, Սպահան, Նոր Ջուղա), նամակներ առաքել Լեհաստանի Օգոստոս թագավորին, Հռոմի Կղեմես X պապին:
Եսայի Հասան-Ջալալյանը` որպես Արցախի կաթողիկոս և ազատագրական շարժման ղեկավար, Օրուն ցույց է տալիս բարձր մակարդակի ընդունելություն: Հայ ժողովրդի Առանշահիկ երկու զավակները, այդ երկու մեծ հայրենասերները, շրջագայելով Շիրվանում, Արցախի ու Պարսկաստանի հայաբնակ շրջաններում, ժողովըրդի մեջ քարոզում են Ռուսաստանի օգնությամբ Հայաստանն ազատագրելու գաղափարը, ոգեշնչում ու պայքարի են հանում նրանց:
Հայաստանի ազատագրության հարցը կապելով Ռուսաստանի հետ` գործուն բանակցություններ է վարել Պետրոս I-ի և ռուսական կառավարության հետ: 1716-ին Գանձասարում ընդունել և եպիսկոպոս է ձեռնադրել Անդրկովկաս Պետրոս I-ի ուղարկած Մինաս վրդ. Տիգրանյանին և նրան կարգել ռուսահայոց հոգևոր առաջնորդ: Միաժամանակ, Արցախի հայության անունից, հատուկ նամակով Պետրոս I-ին է փոխանցել Ռուսաստանի հովանավորությունը «յօժար սրտյու» ընդունելու ցանկությունը (նույնը կրկնել է 1718-ի սեպտեմբերի 25-ի նամակում):
Եսայի Հասան-Ջալալյանը ղեկավարել է Արցախի հայության ազատագրական պայքարը, վճռական դեր կատարել հայկական զինված ուժերի միավորման և սղնախների (Արլ. Հայաստանում լեռնային բերդերի և բնական ամրությունների անվանումը) կազմավորման գործում: 1722-ի գարնանը նրա գլխավորությամբ սղնախների զինվորականությունը հակահարված է հասցրել Արցախ ներխուժած Դաղստանի լեռնականների հրոսակներին: Գանձասարում, այնուհետև Թիֆլիսում, Եսայի Հասան-Ջալալյանը բանակցել է Վրաց Վախթանգ VI թագավորի հետ, քննարկել Պետրոս I-ի պարսկական («կասպիական») արշավանքին համատեղ ուժերով մասնակցելու հարցը:
Կատարելով ստանձնած պարտավորությունները, թողնելով կաթողիկոսական աթոռը` Եսայի Հասան-Ջալալյանը 1722-ի սեպտեմբերի 22-ին մելիքների հրամանատարությամբ, արցախահայոց 10 հզ-անոց գործող զորագնդով, քահանաների ուղեկցությամբ Գանձակին մերձ Չոլակ վայրում միացել է Վախթանգ VI-ի բանակին: 25 օր սպասելուց հետո, երբ պարզվել է, որ Պետրոս I-ը դադարեցրել է արշավանքը, վրացական բանակը շտապել է Թիֆլիս, իսկ Եսայի Հասան-Ջալալյանը հայոց զորքի հետ վերադարձել է Արցախ: Այս անհաջող ձեռնարկումից հետո ամրացել է հայրենի լեռներում, կազմակերպել հակապարսկական պայքարը, որի շնորհիվ կարճ ժամանակում ազատագրվել է ողջ երկրամասը, ստեղծվել անկախ հայկական իշխանություն:
Մեծ է Եսայի Հասան-Ջալալյանի ավանդը հատկապես օսմանյան բանակների դեմ սղնախների պայքարը կազմակերպելու գործում: Երբ ռուսները տիրել են պարսից ծովեզրյա գավառներին, թուրքերը սկսել են առաջանալ դեպի Հայաստանի խորքերը (1723): Գրավելով Նախիջևանը, Երևանը, Թիֆլիսը, Գանձակը` հասել են Արցախ: Եսայի Հասան-Ջալալյանը մերժել է թուրքերին հպատակվելու` Հայոց կաթողիկոս Աստվածատուր Ա Համադանցու առաջարկը: 1724-ի փետրվարին Եսայի Հասան-Ջալալյանը և մի քանի մելիքներ Պետրոս I-ին հղած նամակում պատրաստակամություն են հայտնել դիմագրավելու թշնամուն` մինչև ռուսական զորքերի ժամանումը Ղարաբաղ: Հոկտեմբերի 18-ի նամակով նա ծանուցել է թուրքական զորքերի առաջխաղացման մասին` օգնական ուժեր ստանալու ակնկալիքով: 1724-ի մարտին նոր խնդրագրեր են կազմվել, այս անգամ արդեն ոչ միայն Եսայի Հասան-Ջալալյանի, այլև մելիքների, հարյուրապետների ստորագրություններով, որտեղ օգնական զորքեր ստանալու խնդրանքը հիմնավորել են մարտի 1-ին օսմանյան 4700-անոց զորքի դեմ իրենց տարած հաղթանակով:
Պետրոս I-ի մահից հետո էլ Եսայի Հասան-Ջալալյանը շարունակել է փնտրել ռուսական արքունիքի օժանդակությունը: Սակայն, վերջինիս երկդիմի քաղաքականությունից հուսախաբված, հակվել է թուրքերի հետ բանակցություններ վարելու և համաձայնության գալու մտքին: 1726-ի հուլիսին Եսայի Հասան-Ջալալյանը Արցախի մելիքների և տանուտերերի ուղեկցությամբ մեկնել է Բարդա` սերասքեր Սարու-Մուստաֆա փաշայի մոտ` հավանաբար բանակցելու նպատակով: Պայքարը շարունակելու կողմնակիցները նրան մեղադրել են դավաճանության և խաբեության մեջ, ինչի հետևանքով Եսայի Հասան-Ջալալյանն ինքնասպան է եղել:
Եսայի Հասան-Ջալալյան կաթողիկոսը` «զինվոր հոգևորականը», հայ մշակույթի նշանավոր ներկայացուցիչներից է: 1718-ին նա հավաքել է Արցախի վանքերի (Դադիվանք, Խաթրավանք, Գոշավանք, Ծարի, Ս. Աստվածածին, Գանձասար ևն) արձանագրություններ, Ավետարանների, Հայսմավուրքների հիշատակարաններ: Արձանագրությունների հավաքածուի հիման վրա կազմել է Ծարի (Վերին Խաչեն) իշխանական տան տոհմաբանությունը: XVIII դ. 1-ին քառորդի հայոց պատմության արժեքավոր սկզբնաղբյուր է նրա հեղինակած «Պատմություն Աղուանից»-ը (1839), որն իր ժամանակի դեպքերի նկարագրությունն է և հասնում է մինչև 1723-ը: Երկը լույս է տեսել ֆրանսերեն (1876), վրացերեն (1971), ռուսերեն (1989):

Եզրակացություն

Այսպիսով, ուսումնասիրելով հայ ժողովրդի ազատագրական պայքարը Արցախում, ինչպես նաև Եսայի Հասան-Ջալալյանի գործունեությունը Արցախում և, առհասարակ, հայ ժողովրդի համար, հնարավոր եղավ կատարել ներքոշարադրյալ եզրահանգումները:
Հայ ժողովուրդը մշտապես գտնվելով պատերազմների թատերաբեմում ստիպված է եղել ազատագրական պայքարների միջոցով գոյության կռիվ մղել: Ազատագրական պայքարի փառավոր էջերից մեկն է Արցախի ազատագրական պայքարը, որի ակնառու ներկայացուցիչներից է Եսայի Հասան-Ջալալյանը:
Ազատագրական պայքարի վերելքը և ընթացքը ուսումնասիրելիս ականատես ենք լինում այն երևույթին, որ հայ ժողովուրդը մշտապես ապավինել է Ռուսաստանի օգնությանը, սակայն ոչ միշտ է ստացել նրանց կողմից սպասվելիք օժանդակությունը և ստիպված է եղել հույսը դնել սեփական ուժերի վրա՝ հաճախակի ապահովելով հաղթական արդյունք:
Անկախ այն հանգամանքից, ռուսական զորքը օգնում էր հայկական ուժերին, թե ոչ, միևնույն է, հայկական զորքին հաջողվում է ետ մղել թուրքերի բազմաթիվ հարձակումներ և ձախողել գրավման փորձեր: Առաջին կարևոր հակամարտությունը տեղի ունեցավ 1725թ-ին, ինչի ավարտով հայկական զորքերը տարան առաջին և կարևոր հաղթանակը թուրքական զորքերի հանդեպ: Դա Արցախի Վարանդա գավառում էր:
Ձախողվում է նաև Շուշիի բերդը պաշարված պահելու թուրքական բանակի 1727թ-ի փորձը։ Ութօրյա մարտերից հետո, կորցնելով ութ հարյուր զինվոր, թուրքերն ստիպված նահանջում են Գանձակ։ Կրած պարտություններից հետո թուրքական զինվորականությունը ընտրում է անակնկալ հարձակումների մարտավարությունը։ Թուրքական բանակի դեմ Արցախի հայ ազատագրական ուժերի պայքարում միայն 1728 թ. է առավելությունն անցնում թշնամուն։ Նույն թվականին մահանում են Դավիթ Բեկը և Եսայի Հասան-Ջալալյանը, որը, տեղեկանալով ռուս-թուրքական պայմանագրի կնքման մասին, հակվել էր թուրքերի հետ բանակցելու մտքին։ Ազատագրական ուժերի մի մասը, հուսախաբ լինելով ռուսական խոստումներից, հետագա արյունահեղությունները կանխելու համար գերադասում է թուրքերի հետ բանակցելու ուղին։ Այնուամենայնիվ, Արցախի ազատագրական պայքարը բոլորիս կողմից համարվում է հայ ժողովրդի գոյության կռվի կարևոր ժամանակաշրջան, իսկ Եսայի Հասան-Ջալալյանի դերը որակվում է անգնահատելի:

Օգտագործված գրականության ցանկ

1. Հայոց պատմություն. Հիմնահարցեր. Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: / Մ.Ա. Կատվալյան, Պ.Հ. Հովհաննիսյան, Լ.Հ. Մկրտչյան և ուրիշներ: Ուս. Ձեռնարկ ոչ մասնագիտական ֆակուլտետների համար: Խմբագիր Հր. Ռ. Սիմոնյան. Եր.: «Զանգակ-97», 2000թ.
2. Հայոց պատմություն: /Ա. Մելքոնյան, Վ. Բարխուդարյան, Գ. Հարությունյան, Պ. Չոբանյան, Ա. Սիմոնյան, Ա. Նազարյան. – Եր., «Զանգակ-97», 2010թ.
3. Վարդանյան Վ.Մ., Թադևոսյան Ա.Պ. «Հայոց պատմություն: (սկզբից մինչև մեր օրերը)»: Համառոտ ձեռնարկ. – Եր.: «Զանգակ-97», 2002թ.
4. Ժամկոչյան Հ.Գ., Աբրահամյան Ա.Գ., Մելիք-Բախշյան Ս.Տ., Պողոսյան Ս.Պ. Հայ ժողովրդի պատմություն. Սկզբից մինչև XVIII դարի վերջը - Եր., ԵՊՀ հրատ, 1975թ.
5. Հայ ժողովրդի պատմություն. Հատոր II (IX – XIX դդ.) խմբ. Պարսամանյան Վ.Ա., Երևան, «Լույս» հրատ., 1965թ.
6. Մելքոնյան Ա. Հայոց պատմություն: Դասախոսությունների ձեռնարկ. Երևան, «Հայագիտակ», 1998թ.
7. Սարգսյան Ա., Հակոբյան Ա. Հայոց պատմություն (Հնագույն շրջանից մինչև մեր օրերը): Ուսումնական ձեռնարկ/ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան. Եր., «Ճարտարագետ», 2004թ.
8. Լեո, Երկերի ժողովածու, հ. III, գ. II, Ե., 1973թ.
9. Կիրակոս Գանձակեցի, Հայոց պատմություն, թարգմանությունը, առաջաբանը և ծանոթագրությունները Վ. Առաքելյանի, Ե., 1982թ.
10. Լեո, Հայոց պատմություն, երրորդ հատոր, Երևան 1946թ.
11. Հասան-Ջալալյան Ռ.Ս. Կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի քաղաքական գործունեությունն ու պատմագրական ժառանգությունը, Երևան, 2011թ.

Էջ - Գին - Պատվիրել