2011 թ-ի դեկտեմբերի 3-ից 7-ը կազմակերպվում է հանրային թղթակցության դասընթաց-ճամբար բոլոր նրանց համար, ովքեր պրոֆեսիոնալ լրագրողների օգնությամբ ցանկանում են հմտանալ հանրային, քաղաքացիական թղթակցության ոլորտում: 5-օրյա դասընթաց-ճամբարը կազմակերպում է Հանրային լրագրության ակումբ հասարակական կազմակերպությունը, որտեղ հանրային թղթակիցները եւ պրոֆեսիոնալ լրագրողները, փորձագետների օգնությամբ ձեռք կբերեն նոր հմտություններ եւ կկառուցեն համագործակցության կամուրջներ: Դասընթաց-ճամբարի ընթացքում դուք հնարավորություն կունենաք լրագրողական ու թղթակցական նոր գիտելիքներ ստանալ, համագործակցել եւ աշխատել լրագրողներից ու հանրային թղթակիցներից բաղկացած խմբերում՝ լուսաբանելով հասարակական կարեւորության խնդիրներ:
Հանրային թղթակիցների համար սա հնարավորություն է՝ հմտանալ թղթակցական գործում, սովորել թղթակցություն/պատմություն պատրաստելու այբուբենն ու ծանոթանալ պատմություններ ներկայացնելու նորագույն մեթոդներին եւ գործիքներին:
Պրոֆեսիոնալ լրագրողների համար սա հնարավորություն է ՝ ծանոթանալ հանրային թղթակցության այնպիսի հարթակների, որոնք օգտակար են լրագրությունում եւ հարստացնում են լրագրողական նյութերը: Պրոֆեսիոնալ լրագրողների համար սա հանրային թղթակիցների հետ աշխատելու հարցում փորձ ձեռք բերելու պրակտիկ եւ հետաքրքիր դասընթաց է, հանրային թղթակիցների տարածած, տրամադրած տեղեկատվությունը մշակելու, այդ տեղեկատվությունը լրագրողական նյութերում օգտագործելու հարցում հմտանալու հնարավորություն:
Բոլոր մասնակիցների համար սա հնարավորություն է` ծանոթանալ լրագրության կամ թղթակցության համար ստեղծված հայաստանյան եւ միջազգային նոր հարթակների կողմից տրամադրվող հնարավորություններին, փորձարկել եւ հմտանալ քարտեզային տեխնոլոգիաները թղթակցության ժամանակ գրագետ օգտագործելու սկզբունքների հետ եւ մասնակցել առցանց տեսադասախոսություն-քննարկումների, որոնք անցկացնելու են մասնագետներ ԱՄՆ-ից եւ Եգիպտոսից:
Դասընթացի մասնակիցներն աշխատելու են ռուսաստանյան եւ հայաստանյան լավագույն մասնագետների հետ եւ Սկայպով միացումների միջոցով ԱՄՆ -ում եւ Եգիպտոսում բնակվող փորձագետների մասնակցությամբ տեսալսելու են դասախոսություններ:
Դեկտեմբերի 3-ից 7-ը նախատեսվող դասընթացի ավարտին, մասնակիցներից ձեւավորված 10 խմբերը, որոնց բաղկացած կլինեն հանրային թղթակիցներից եւ պրոֆեսիոնալ լրագրողներից, կներկայացնեն տասը պատմություն՝ Երեւանում աղքատության խնդրի եւ Կոնդ թաղամասի բնակիչների խնդիրների վերաբերյալ:
Թղթակցային գործընթացի ժամանակ, խմբերի խորհրդատուները կլինեն դասընթացը վարող մասնագետները, որոնց ցուցումները եւ ուղղությունները, խմբերի հետ տարվող անհատական աշխատանքը կօգնի մասնակիցներին հենց տեղում բարելավել իրենց պատրաստած թղթակցությունները:
Դասընթաց-ճամբարի ավարտին լավագույն պատմությունները կհրապարակվեն ՀԼԱ-ի MyNews կայքում, որը դեռ պատրաստման փուլում է: Լրագրողները դասընթացի շրջանակներում կարող են նյութեր պատրաստել իրենց լրատվամիջոցների համար:
Երկու լավագույն թղթակցությունները կարժանանան մրցանակների:
Ուղարկեք համառոտ կենսագրություն/CV/ ՝ լրացված հայտի հետ միասին, կցելով առավելագույնը 3 թղթակցային, լրագրողական աշխատանքի նմուշ, բլոգային նոթ կամ այլ հեղինակային նյութ: Ուղարկվող էլեկտրոնային նամակի թեմայի (subject) տողում նշեք 1-ին ուսուցողական դասընթաց-ճամբար: Հայաստանի մարզերից դիմորդների կեցության եւ սննդի ծախսերը հոգում է ՀԼԱ-ն:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2011 թ –ի նոյեմբերի 22-ն է:
Դասընթացը վարելու են` www.sochireporter.ru կայքի հիմնադիր, միջազգային հեղինակավոր Knight Foundation-ի 2008 թ.-ի մրցանակակիր Ալեքսանդր Զոլոտորյովը (Ռուսաստան, Մոսկվա), ՀԼԱ ղեկավար Սեդա Մուրադյանը, Սկայպով միացումների միջոցով դասընթացը անցկացնելու են Եգիպտոսից բլոգեր Նոհա Աթեֆը, քարտեզանշման տեխնոլոգիաները թղթակցությունում օգտագործելու մասնագետ Աբդելրահման Հասանը, դասընթացում ներգրավվելու են այլ մասնագետներ Հայաստանից:
Ավելին`
այստեղ