Հայաստանում Ֆրանսիայի եւ Գերմանիայի դեսպանատների հրավերով Հայաստան է այցելելու գերմանական ծագումով ֆրանսիացի քաղաքագետ Ալֆրեդ Գրոսսերը, ով հանդես կգա «Ողբերգական անցյալ եւ կառուցողական հիշողություն. ֆրանս-գերմանական օրինակը կարո՞ղ է ընդհանրական լինել» թեմայով դասախոսությունով, որին հնարավորություն կունենան մասնակցելու հայաստանյան այլ բուհերի ու գիտական կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ թեմայով հետաքրքրված յուրաքանչյուր մարդ: Հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 18-ին` ժամը 15.00-ին, ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մեծ դահլիճում (Ալեք Մանուկյան 1, Կենտրոնական մասնաշենք, 2-րդ հարկ):
Ալֆրեդ Գրոսսերը հայտնի քաղաքագետ է, ով մասնագիտացած է ֆրանս-գերմանական հարաբերություններում: 1955 թ-ից զբաղվում է քաղաքագիտությամբ: 1956-1992 թթ. Ֆրանսիայի Քաղաքական գիտությունների ազգային հիմնադրամում զբաղեցնում է հետազոտությունների ղեկավարի պաշտոնը: Դասավանդել է Պոլիտեխնիկական ինստիտուտում (1965-1995 թթ.), Առեւտրի բարձրագույն դպրոցում (1961-1966 թթ. եւ 1968-1988 թթ.), Ստենֆորդի (1964-1965 թթ.), Ջոն Հոփկինսի (1955-1969 թթ.), Տոկիոյի Կեիո (1992 թ.), ինչպես նաեւ Սինգապուրի համալսարաններում (1994 թ.):
1965-1994 թթ. «Լը Մոնդ» օրաթերթում աշխատել է որպես քաղաքական մեկնաբան: 1994 թ-ից նույն պաշտոնը պարբերաբար զբաղեցնում է «Լա Կրուա» եւ «Ուեստ-Ֆրանս» օրաթերթերում: Նրա աշխատությունները եւ դասախոսությունները մեծ ազդեցություն են ունեցել ֆրանս-գերմանական հաշտեցման եւ համագործակցության վրա:
Տասնյակների հասնող գիտական աշխատությունների հեղինակ է, միջազգային բազմաթիվ կոչումների ու պարգևների մրցանակակիր:
Ավելին`
այստեղ