Յելի համալսարանը գտնվում է Նոր Անգլիայի հնագույն քաղաքներից մեկում` Նյու Հեիվենում, Քոննեքթիկուտ նահանգում: Նյու Հեյվենը նավահանգստային քաղաք է 125 հազար բնակչությամբ, տեղակայված է Նյու Յորքից դեպի հարավ-արևմուտք 120 կմ-ի և Բոսթոնից հարավ-արևելք 200կմ-ի վրա: Յելը հիմնադրված էր 1701 թվականին: Նրա կազմի մեջ մտնում են տասներկու բաժանմունքներ` Յելի քոլեջ, որտեղ չորսամյա կրթությունն ավարտվում է բակալավրի կոչմամբ, տարբեր մասնագիտություններով ասպիրանտուրա` ճշգրիտ, բնական և հումանիտար գիտություններ, ինչպես նաև իրավագիտության, բժշկության, բիզնեսի, շրջակա միջավայրի պահպանման ոլորտում մասնագետներ և նաև աստվածաբաններ, ճարտարապետներ, երաժիշտներ, նկարիչներ և դերասաններ պատրաստող 10 մասնագիտական ֆակուլտետ: Յելի քոլեջի ծրագիրը, համալսարանի հիմքերը, տարբերվում է իր ընդարձակությամբ ու խորությամբ: Ամեն տարի 65 ամբիոնի և ծրագրերի կողմից առաջարկվում է ավելի քան 2000 կուրս: Հին ավանդույթի համաձայն համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմը բացառիկ ուշադրություն է դարձնում ուսանողների ուսմանը: Շատ տարրական և ներածական կուրսեր անց են կացվում համալսարանի վաստակավոր գիտնականների և պրոֆեսորների կողմից:
Յելի պատմության ակունքները գնում են դեպի 1640 թվական, Նյու Հեյվենում քոլեջի ստեղծմանն ուղղված գաղութական-քահանաների գործունեություն: Համալսարանի կրթության հիմքում ընկած գաղափարները արտացոլում են միջնադարյան Եվրոպական համալսարաններում, ինչպես նաև Հունաստանի և Հռոմի ակադեմիաներում, որտեղ առաջին անգամ զարգացավ լիբերալ կրթության սկզբունքը, կրթության ավանդույթներն ու սկզբունքները:
Յելի համալսարանի հիմնադիրները (պուրիտանական քահանաները) նույնպես առաջնորդվում էին այսպես կոչված կոլեգիալության սկզբունքով, որն արդյունքում կարևոր դեր խաղաց ԱՄՆ-ի բարձրագույն կրթության զարգացման գործում: Այն ժամանակ, երբ Եվրոպայի մեծ մասում և Շոտլանդիայում քոլեջները չէին նախատեսում ուսանողների բնակությունն իրենց տարածքում, Յելի հիմնադիրներն ուզում էին ստեղծել քոլեջ-հանրակացարան, որտեղ ուսանողները կկարողանային սովորել և ապրել նույն տարածքում: Այդպիսի գաղափարներ արտացոլում էին այն ժամանակվա անգլիական իդեալները` Օքսֆորդն ու Քեմբրիջը, որտեղ ուսանողները սովորում էին, ապրում և այցելում եկեղեցին իրենց դաստիարակների հետ միասին: Այդպիսի համակարգի դեպքում կրթությունը դառնում էր ոչ միայն ուղեղի մարզում և որոշակի մասնագիտության նախապատրաստում, այլ նաև փորձ` ուղղված ուսանողի բնավորության տարբեր ասպեկտների զարգացմանը, ինչպես նաև բարոյական առաքինությանը: Այն դեպքում երբ նմանատիպ իդեալներ օգտագործվում էին Հարվարդի հիմնադիրների կողմից, դասախոսներից և պրոֆեսորներից շատերը շուտով սկսեցին կասկածել համալսարանի հաջողությանը: 1700 թվականին տաս քահանաներ հավաքվեցին Բրենֆորդում, Քոննեքթիկուտ նահանգում, որպեսզի քննարկեն նոր քոլեջի ստեղծումը, որը զերծ կմնա Հարվարդի թույլ տված սխալներից: Նրանց մեծամասնությունը Հարվարդի քոլեջի շրջանավարտներ էին, որոնք հիասթափվել էին այնտեղ ստացած ուսումից: 1701 թվականին, գաղութական Գլխավոր Ասսամբլեայի կողմից հրովարտակ ստանալով, նրանք պաշտոնապես սկսեցին Կոլեգիալ դպրոցի ստեղծման աշխատանքը, որն էլ այդ ժամանակ կոչվեց Յելի համալսարան:
Հանրահայտ ուսումնական հաստատությունը կոչվել է անգլիացի հարուստ առևտրական Իլյա Յելի (Elihu Yale) –ի անունով: Նա առաջինը միջոցներ նվիրաբերեց այդ համալսարանի կրթության և զարգացման համար: Առևտրականի անունը հիշում են 1717 թվականին աղքատացած դպրոցին նվեր տալու շնորհիվ: Նա նվիրաբերեց 562 ֆունտ ստեռլինգ , 417 գիրք և թագավոր Գեորգ 1-ի դիմանկարը:
Յելն այսօր
Ներկա ժամանակում Յելը հանդիսանում է աշխարհի լավագույն համալսարաններից մեկը: Այնտեղ ուսանում են 11 հազար ուսանող Ամերիկայի 50 նահանգից և ավելի քան 110 տարբեր երկրներից: Երկու հազարանոց պրոֆեսորա-դասախոսական կազմը տարբերվում է բարձրորակ որակավորմամբ իրենց գիտությունների ոլորտներում: Սկսած 1930-ական թվականներից Յելը զգալի միջոցներ է ներդնում համալսարանի շենքերի զարգացման համար` բացվել էր արվեստաբանության ֆակուլտետի նոր համալիրը, կառուցվել էին գիտական լաբորատորիաների շենքերը, սպորտային կենտրոնն ու ուսանողական հանրակացարանը: Վերջին տարիներին անցկացվում է պատմական շենքերի և քոլեջ-հանրակացարանների ռեստավրացիոն վերանորոգում: Մոտակա տասնամյակում սպասվում է հետագա կապիտալի ներդնում համալսարանի լավացմանն ու զարգացմանը:
Յելի համալսարանի գրադարանը արժանի է հատուկ հիշատակման: Նրա ընդհանուր և մասնագիտացված ֆոնդերում հաշվարկվում է 11 միլլիոն միավոր: Գրադարանի տրամադրության տակ են բացառիկ հավաքածուներ, արխիվներ, երաժշտական ձայնագրություններ, քարտեզներ և այլ հազվագյուտ էքսպոնատներ: Դա ԱՄՆ-ի մեծությամբ երրորդ գրադարանն է և երկրորդը աշխարհում համալսարանական գրադարանների շարքում: Միասնական համակարգված կատալոգը միավորում է կամպուսի տարբեր մասերում տեղակայված ավելի քան 40 գրադարաններ, անսովոր գեղեցկությամբ գոթական Սթեռլինգ գրադարանից, որտեղ պահպանվում է յելյան գրապաշարի մոտ կեսը, մինչև հազվագյուտ գրքերի հավաքածուի և Բայնեկեի ձեռագրերի ժամանակակից կորպուս, ավելի քան 800 հազար ունիկալ գրքերի և փաստաթղթերի հավաքածույով:
Քանի որ Յելը հայտնի է հումանիտար գիտություններում իր նվաճումներով, շատերը չեն գիտակցում, որ համալսարանը հանդիսանում է նաև ԱՄՆ-ի առաջավոր գիտա-հետազոտական կենտրոններից մեկը: Յելի կենսաբանության, քիմիայի, մոլեկուլյար կենսաֆիզիկայի և կենսաքիմիայի, ֆիզիկայի, աստղագիտության, մաթեմատիկայի, համակարգչային գիտության, երկրաբանության, շրջակա միջավայրի պահպանման և այլ ամբիոնները անընդհատ լինում են ամենալավ համալսարանական ծրագրերի թվում Ամերիկայում: Այստեղ ստեղծված են օպտիմապ պայմաններ ուսանողների ուսման համար այնպիսի ոլորտներում, ինչպես կենսաբժշկություն, կիրառական քիմիա, էլեկտրո-տեխնիկական և այլ ճարտարագիտական գիտություններ, առաջնակարգ լաբորատորիաները համալրված են տեխնիկայի վերջին խոսքով: Յելի համալսարանը, որը երեք հարյուրամյակի պատմություն ունի, հեղինակավորներից մեկն է համարվում ոչ միայն ԱՄՆ-ում, այլև աշխարհում: Յելի համալսարանը ամերիկյան էլիտայի դարբնոց է և, իհարկե, կադրերի այդպիսի դարբնոցի ուսումը բավականին թանկարժեք է:
Յելի համալսարանում սովորել են գիտության, արվեստի և քաղաքականության շատ ականավոր գործիչներ: Յելն ավարտել են Սամուել Մորզեն (Մորզեի այբբուբենի հայտնագործողը), մանկական հոգեբան Բենջամին Սպոքը (որի գրքերով մինչ օրս սովորում են ժամանակակից մանկական հոգեբանները), գրող Սինքլեր Լյուիսը, տնտեսագետ Ջորջ Ակերլոֆը, “Պեպսի” ընկերության նախագահ Ինդրա Կրիշնամուտրի Նուին, “Բոինգ”ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ջեիմս ՄակՆերնին, Ռիչարդ Չեինին, Ջոն Քերրին (2004 թ. ընտրություններին Ջորջ Բուշի հակառակորդը), Հիլլարի Քլինթոնը: Ցուցակը կարելի է երկար շարունակել: Բավական է ասել, որ սկսած 1989 թվականից ԱՄՆ-ի բոլոր նախագահները ավարտել են Յելի համալսարանը: Համալսարանի հիմնադրման ժամանակ արտասահմանյան ուսանողները իրավունք չունեին սովորել Յելում: Դա բացառապես ամերիկյան դարբնոց էր` նախատեսված միայն ամերիկացիների համար: Բայց XIX դարի 30-ական թվականներին արտասահմանցիներին մուտք բացվեց Յեյլի համալսարան, և այժմ արտասահմանյան ուսանողների քանակությունը կազմում է համալսարանի ունկնդիրների ընդհանուր թվի մոտ 16%-ը: Յելի համալսարանում սովորում է մոտ 11 հազար մարդ, իսկ սովորել ցանկացողների թիվը շատ ավելի մեծ է: Հատկապես որ ոչ բոլոր ցանկացողներն են ի վիճակի վճարել ուսման վարձը: Ճիշտ է, այժմ կարելի է բացարձակապես անվճար սովորել Յելի համալսարանում: Համացանցի ազատ մուտքում կան աստղագիտության, անգլերեն լեզվի, փիլիսոփայության, ֆիզիկայի, քաղաքագիտության, հոգեբանության և աստվածաբանության կուրսեր: Յուրաքանչյուր կուրսի համար կան ներածական տվյալներ, անպայման կա տեղեկատվություն դասախոսի մասին (հիմնականում գիտության տվյալ ոլորտում նրա ձեռքբերումների մասին): Դասախոսությունները կարելի է բեռնել MP3 ֆորմատով, տեսահոլովակի, flash-ի տեսքով: Նրանց համար, ովքեր բավարար լավ չգիտեն անգլերեն լեզուն, նախատեսված է հնարավորություն սովորել նյութը տեքստային տեսքով: 2007 թվականից համացանցում տեղադրվում են յոթ կուրսի տեսագրություններ, կոնսպեկտներ, սղագրանքներ: Այդ ամենը անվճար է համացանցից օգտվողների համար, իսկ Համալսարանի համար նախագիծը արժենում է մոտ $1 մլն.:
Պետք է նշել, որ որքան էլ ջանասիրաբար ուսումնասիրվեն կուրսերը համացանցում, դրանք չեն հաշվարկվում որպես ուսում Յելի համալսարանում, բայց հնարավորություն են տալիս ծանոթանալ Յելում դասավանդման համակարգի հետ և միաժամանակ սովորել որոշ այն կուրսերը, որոնք սովորում են այդ հեղինակավոր ամերիկյան բուհի ուսանողները: Իհարկե ոչ մի դիպլոմ համացանցի միջոցով չես ստանա: Բայց անգամ Յելի կուրսերի հետ ծանոթացումը մեծ ձեռքբերում է այն սովորել ցանկացողների համար, որոնք ի վիճակի չեն վճարել ուսման վարձը, հատկապես ԱՄՆ-ի բուհում:
Այն երջանիկներին, ովքեր Յելի համալսարանում սովորելու հնարավորություն ունեն, կարելի է միայն նախանձել: Յելի դիպլոմը բացում է համարյա բոլոր դռները, ապահովում բարձր վարձատրվող աշխատանքը: Եվ, ինչն ամենակարևորն է, Յելի համալսարանի ուսումը վարժեցնում է ինքնուրույն մտածելակերպ, ինչպես նաև հաղորդում է մտածելակերպին գլոբալ բնույթ (Յելի շրջանավարտը մտածում է բնակարանային ճգնաժամի մասին ոչ թե առանձին վերցրած կոմունալ բնակարանի ճգնաժամի տեսանկյունից, այլև ամբողջ պետության տեսանկյունից): Բնականաբար, Յելի համալսարանի շրջանավարտները գնահատվում են ամբողջ աշխարհում: Յելի դիպլոմը մասնագետի որակի նշան է:
(Շարունակելի...)